Բլոգի հաշվիչ՝ Liveinternet

Tuesday, December 2, 2014

Երբ կարդում ես Գարսիա Մարկես...

Մարկես. Մի գրող, որի ստեղծագործությունները կարող են միաժամանակ լինել և՛ շատ պարզ, և՛ բավականին իմաստալից ու խորը: Նա իր պատմվածքներում ներկայացնում է մարդկանց անհեթեթ բնավորությունները, սովորությունները և դրանց արդյունքները: Ի դեպ, այդպես գրում է նաև արևմտահայ բանաստեղծ Զահրատը, ով նույնպես իր ստեղծագործություններում ցույց է տալիս մարդկանց գլխավոր թերությունները՝ անիմաստ ու անհեթեթ սովորույթները:
«Երկնագույն շան աչքերը» պատմվածքով Մարկեսը ուզում է ասել, որ մենք ապրում ենք երազներն ու իրականությունը իրար խառնած, ու չենք կարողանում տարբերել դրանք իրարից: Իրականում էլ է այդպես, և ես էլ հաճախ որոշ բաներ եմ հանկարծ հիշում ու փորձում հասկանալ՝ դա երազո՞ւմ է եղել, թե իրական կյանքում: Ցավոք, մենք այլընտրանք չունենք, և պետք է շարունակենք ապրել այդպես, միայն կարող ենք ավելի ուշադիր լինել, որպեսզի իրականությունը լավ հիշենք:
Ամենաշատը հավանեցի «Ամենագեղեցիկ ջրահեղձը» պատմվածքը, որում մարդկանց արձագանքը մահացածի վերաբերյալ հասնում է աբսուրդի: Կանայք արդեն ձանձրացել էին իրենց ամուսիններից, իսկ դիակը, ում անունը «կնքեցին» Էսթեբան, նորություն էր իրենց համար. հետո՞ ինչ, որ մահացած էր: Իրականում, Էսթեբանի մահացած լինելն ավելի ձեռնտու էր կանանց, քանի որ այդպես նրանք կարողացան հորինել նրա մասին այն, ինչ ցանկացան և իրենց հորինածը ընդունեցին որպես զուտ ճշմարտություն: Մենք էլ ենք երբեմն հորինում բաներ, և դրանք ընդունում որպես ճշմարտություն: Անգամ որոշ ժամանակ անց այդ հորինվածը մեզ համար դառնում է իրականություն և մտածում ենք՝ արդյոք դա հորինված է:
Հիմա կարդում եմ Գարսիա Մարկեսի «Նահապետի աշունը» և ըստ իս, այս վեպը նրա պատմվածքների ձևափոխված ամբողջությունն է. կարդալիս հատվածներ են լինում, երբ ասելիքը նույնն է, ինչ «Երկնագույն շան աչքերը», «Ամենագեղեցիկ ջրահեղձը» և նրա այլ պատմածքներինը: Սակայն, այնուամենայնիվ, շատ հետաքրքիր գիրք է, որին կարդալուցս հետո անպայման կանդրադառնամ:

0 comments:

Post a Comment